ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը՝ Վիսբադենում

«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը՝ Վիսբադենում
01.05.2023 | 10:17

«ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ ԻՄ ՃԱՄՊՐՈՒԿՈՒՄ Է» մոնոներկայացումով հանդես եկավ թատրոնի և կինոյի ճանաչված դերասանուհի, ռեժիսոր, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։

Մանկության հուշերից հյուսված գեղեցիկ ու հուզիչ պատմությունները, որոնք նաև մի ամբողջ ժամանակաշրջան էին ներկայացնում՝ երկրաշարժ, Արցախյան պատրերազմ, ցուրտ ու մութ տարիներ, դերասանուհին ներկայացնում էր ուրույն մեկնաբանությամբ, երբեմն խոսքը համեմելով արցախյան բարբառի կոլորիտային երանգով, որով հուզեց, գերեց հանդիսատեսին, թափանցեց ներկաների հոգու խորքը։ Հանդիսատեսին հետը վերցրած, նա անցավ Արցախի ճանապարհներով, կրակոցների միջով, հասավ իր մանկության Նորագյուղ, որը տեղացիները նաև «դերու շեն» են կոչում։ Ինձ այնքան հարազատ էին այդ ճանապարհները, կրկնակի էր հուզումս, սարսուռով պատեց մաշկս, որովհետև 1971 թվականից ի վեր, առանձնապես՝ Արցախյան շարժման տարիներին, բազմաթիվ անգամներ էի անցել այդ ճանապարհներով, Խոջալույով, հասել Ստեփանակերտ, Դահրավ, որտեղ քույրս դասավանդում էր և մասնակցում ազատագրական պայքարին։

Վիսբադենի հանդիսատեսը հուզումի շատ պահեր ապրեց, տամուկ աչքերով հետևեց դերասանուհու հրաշալի խաղին, կախարդական ճամպրուկին, որը ներկայացման ընթացքում դարձավ տուն, սեղան, պատուհան, դաշնամուր․․․ Հուզիչ էր, երբ աշխարհագրության դասաժամին Խաղաղ օվկիանոսը փոքրիկ Նարինկայի արտաբերմամբ դարձավ «Խաղաղության օվկիանոս»։ -»Խաղաղ»,«Խաղաղ»,- գոռում են երեխաները և ծիծաղում։ Ախր, ի՞նչ մտածեին, որ այդ պահին իրենց դասընկերուհու մեծ երազանքն էր խաղաղությունը:

Երանի՜ այդ օվկիանոսը հրաշքով դառնար Խաղաղության օվկիանոս և՝ բաղձալի խաղաղությունով ողողեր ամբողջ աշխարհը, մեր հայրենիքը, բոլոր մարդկանց սրտերն ու հոգիները

Այո', պատերազմը ավերեց, սպանեց մարմինը, բայց ի զորու չէ սպանել հայի ոգին, չի կարող պատնեշել, լռեցնել, փակել մեր ժողովրդի ճանապարհը, որի չկոտրվող ու հպարտ տեսակ է Նարինե Գրիգորյանի հերոսուհին՝ իմա՝ Նարինեն, որը լավ գիտե որտեղից է գալիս և ուր է գնում։ Ահա այդպես պահենք մեր հայությունը և մեր հայկական էությունը․․․

Վերջում երկնքից երեք խնձոր ընկավ, երեքն էլ՝ Նարինեին, որն իր սքանչելի, անկրկնելի խաղով արժանացավ հայրենակիցների սիրո և հիացումի հորձանքին, որոնք հոտնկայս ծափահարություններով, ներկայացումից հետո դերասանուհուն ողջագուրվելով, արտահայտեցին իրենց սերն երախտագիտությունը, և լիացած, հարստացած հեռացան։

Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Վիսբադեն

Հ․Գ․ Տեքստի հեղինակներ՝ Սառա Նալբանդյան, Նարինե Գրիգորյան, ռեժիսոր՝ Նարինե Գրիգորյան։ Վիսբադենում ներկայացումը կազմակերպել էր Հայ-Գերմանական «Հայք ուսանողական ակումբ»-ը։

Ներկայացումը թարգմանվում էր նաև գերմանացի հանդիսատեսի համար։

Դիտվել է՝ 5232

Մեկնաբանություններ